ԲիՎեբցիների արկածները Լոռիում

Ինչպես ամեն տարի ամռանը, այս տարի նույնպես տեղի ունեցավ ԲիՎեբի թիմբիլդինգը՝ նախորդներից տարբեր, բայց նույնքան հավես ու հիշողություններով լի։ Ամեն տարի փորձում ենք մի նոր գաղափար փոխանցել թիմին՝ դա կլինի նոր միջավայր, ժամանցի նոր ձև, թե յուրահատուկ արժեք։ Այս տարի թիմբիլդինգն ուղղված էր Լոռին բացահայտելուն ու մեզ հայտնի խաղերով դեպի մանկություն վերադառնալուն։ Եկեք միասին տեղափոխվենք հուլիսի 15 և տեսնենք, թե ինչպես անցան ԲիՎեբցիների արկածները Լոռիում 😊։ 

Առավոտը ԲիՎեբում

Հուլիսի 15-ին առավոտյան ժամը 7։00-ին պետք է թիմով լինեինք ԲիՎեբի մոտ՝ հագած-կապած, արևապաշտպանը քսած, բարձր տրամադրությունը վերցրած, դեպի Լոռի ուղևորվելու համար  (ինչն իրականում շատ դժվար էր, որովհետև մենք սովորաբար աշխատում ենք ճկուն գրաֆիկով, և այն մարդիկ, ովքեր մեղմ ասած քնկոտ են, կարողանում են սկսել աշխատանքն ավելի ուշ , իսկ այդ օրը բոլորս պարտավոր էինք լինել նշված վայրում նշված ժամին` այն էլ բարձր տրամադրությամբ :D):

Դեպի Լոռի

Եվ այսպես ճամփա ընկանք։ Որոշների համար երկար ճանապարհն անցավ երաժշտություն լսելով, որոշների համար` զրուցելով, ոմանք էլ նախընտրեցին խաղալ «ոտքի վրա», իսկ մյուսները փորձում էին քնել։
Դե բնականաբար սոված չէինք մնալու, ճանապարհին նախաճաշեցինք մեր պատրաստած սենդվիչներով ու հոթ-դոգերով ու արդեն լիցքավորված շարունակեցինք ուղևորությունը, որը, պարզվեց` լի էր լինելու արկածներով և անսպասելի շրջադարձերով։

Լոռիում առաջին կանգառը Արևածագի ձորն էր, որը գերել էր մեզ իր դրախտային գեղեցկությամբ։ Քանի որ դեպի Արևածագի Ձոր տանող ճանապարհը դժվարանցանելի էր և քարքարոտ, այնտեղ գնացինք զիլերով, որն, ինչ խոսք, ֆանտաստիկ փորձառություն էր։ Նախ շաաաատ հավես էր, որովհետև կարծես կառուսելի մեջ լինեինք, վեր ու վար էինք անում, ճյուղերի էինք հանդիպում,  հետո էլ, ինչքան էլ զարմանալի կարող է թվալ՝ զիլերով գնալն ավելի է մտերմացնում թիմակիցներին, չեք պատկերացնի, թե ինչքան հաճելի է տեսնել միմյանց հանդեպ հոգատարությունը, փոխօգնությունը՝ «կռացե ՜ք», «զգու ՛յշ», «ճյուղըըը», «բռնվե՜ք» արտահայտություններն ամբողջ ճանապարհի անբաժան մասն էին կազմում։ Ինչպես տեսաք՝ ադրենալինն ապահովված էր։ Իսկ Լոռվա բնության սքանչելիության մասին խոսելն ավելորդ է․ այն պարզապես գերել էր մեր սրտերը։

Բայց այ այստեղ մեզ սպասում էր «հաճելի» անակնկալ։ Մեր զիլերից մեկի վարորդը որոշեց մեզ զարմացնել ու անցնել խորը ցեխի միջով։ Ու դա այն դեպքում, երբ արդեն հասել էինք Արևածագի Ձոր։  Մեղմ ասած, դա այդքան էլ լավ միտք չէր, որովհետև զիլը խրվեց ցեխերի մեջ 😀 իսկ թե ոնց էինք բոլորս հերթով փորձում թռնել զիլի վրայով առանց ցեխի մեջ ընկնելու, թողնում ենք ձեր երևակայությանը։ Բայց այ մեր մարքեթինգի մենեջերին այդպես էլ չհաջողվեց խուսափել ցեխոտվելուց։ Դա դեռ հերիք չէ, մի հատ էլ ընկավ Արևածագի ջրերը։ 😀  իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Արևածագի Ձորում  նաև պլանավորել էինք ունենալ պիկնիկ, բայց ուժեղ շոգն ու վառող արևը փոփոխեցին մեր պլանները։ Սա էլ ի գիտություն ամռանն Արևածագի Ձորում պիկնիկ պլանավորողներին։ ))

Ռոբինհուդյան արկածը

Եվ այսպես զիլերով շարունակեցինք մեր ուղին դեպի Լոռվա անտառներ, որտեղ մեզ սպասում էր NigmaQuest Club-ը, ովքեր պատրաստել էին մեզ համար quest խաղ՝ Ռոբինհուդյան թեմատիկայով։ Նախ նշենք, որ քվեստը շատ լավ թիմային խաղ է, քանի որ համագործակցությունը, հաղորդակցությունը և վստահությունը դրա հիմքն են, ինչպես նաև այն ամրացնում է կապերը և հնարավորություն է տալիս թիմի յուրաքանչյուր անդամին դրսևորել իր եզակի հմտությունները խաղի ընթացքում։ Բաժանվել էինք թիմերի, յուրաքանչյուր թիմ ընտրել էր իր գույնն ու անունը, ու բնականաբար թեմատիկային մաքսիմալ մոտ լինելու համար մեզ տրամադրել էին հատուկ հագուստ։ Շատ չբացելով փակագծերը՝ խաղն անցավ զինված նետերով, հուշումներով և հանելուկներով։

Խաղի հիմքում կար նաև շատ հետաքրքիր  գաղափար՝ UBUNTU (ես այն եմ, ինչ մենք կանք), որի իմաստն, ի դեպ, մեզ համար էլ էր բացահայտում։ UBUNTU-ն ունի Հարավաֆրիկյան ծագում և կրում է մարդասիրության, մարդկայնության և բարության արժեքները։

 

Դե իսկ վերջում էլ մեր հիշողությունները պահպանելու համար փոքրիկ կտավի վրա արտահայտեցինք մեր էմոցիաները։

Լավ երեկո

Օրը շարունակեցինք Չամիչ Հյուրատանը, որտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Համով սնվեցինք, վերականգնեցինք մեր ուժերը և անցանք խաղերին։ Քանի որ Ռոբին Հուդը ինչ-որ առումով հիշեցնում է մեր մանկությունը, խաղերն էլ ընտրել էինք մեր մանկությունից։ «Այգեպանը», «Անուն գոռոցին», «Լոտոն», «Дурак»-ը և այլ նոստալգիկ խաղեր մեզ տեղափոխեցին անհոգ ժամանակներ։ Չեք պատկերացնի, թե ինչքան անմիջական, ուրախ ու հավես անցավ մեր ժամանցը Չամիչում։

Երեկոյին մոտ, ինչքան էլ որ չէինք ուզում օրն ավարտվեր, պետք է արդեն վերադառնայինք Երևան։ Իսկ վերադարձի ճանապարհը նույնպես հետաքրքիր էր, քանի որ տարբեր խաղեր խաղացինք, միասին ծիծաղեցինք և չնկատեցինք, թե ինչպես 3 ժամն անցավ։

 

Ահա այսպես է լինում, երբ 1 օրվա մեջ խառնվում են  արկածները, խոչընդոտներն, էմոցիաները, հոգատարությունն ու վառ տպավորությունները։ Վստահ ենք, որ այս թիմբիլդինգն էլ ավելի մտերմացրեց շատերիս ու պարգևեց լիքը ուրախ հուշեր 💛։  

 

Կարդացեք նաև՝

BeeWeb-ի գունեղ թիմբիլդինգը

BeeWeb-ը 8 տարեկան է 

Share with love