👋 Ողջույն, ես Լիլիթն եմ` ԲիՎեբի մարքեթինգ մենեջերը։ Այս բլոգում որոշել եմ խոսել MVP-ի և EVP-ի տարբերություններից, որոնք ստարտափի թողարկման երկու տարբեր մոտեցումներ են։ Ձեզ բարի ընթերցում։ 😊
Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մենք ապրում ենք տարբեր գաղափարների և ստարտափների դարաշրջանում։ Ցավոք, ստարտափների շատ փոքր մասն է երկարաժամկետ հաջողություն ունենում։ Պատճառները տարբեր են. երբեմն ստարտափները ստեղծվում են ժամանակից առաջ, երբեմն էլ՝ ժամանակից ուշ, չմոռանանք նաև մարքեթինգի լավ կամ վատ կիրառման մասին։😄 Բարեբախտաբար, քանի որ շատերը նախընտրում են իրենց ստարտափը ներկայացնել թվային պրոդուկտի տեսքով, նրանք հնարավորություն ունեն MVP-ի կամ էլ EVP-ի միջոցով ստուգելու` արդյոք կա իրենց պրոդուկտի կարիքը շուկայում։ Իսկ դուք գիտե՞ք MVP- ի և EVP-ի տարբերությունը։ Եկեք ուսումնասիրենք միասին։
Ի՞նչ է MVP-ն
MVP-ն (Minimum Viable Product) կամ նվազագույն կենսունակ արտադրանքը պրոդուկտի սկզբնական, շատ ավելի փոքր տարբերակն է։ Այն ընդգրկում է միայն գլխավոր հնարավորությունները (մեկ կամ երկու)՝ բավարարելու թիրախային լսարանի կարիքները և առաջարկելու արժեք, նորություն։ Կարճ ժամանակում MVP-ն թողարկվում է շուկա՝ ստուգելու օգտատերերի արձագանքը և ստանալու կարծիքներ։ Ստացած արձագանքի հիման վրա էլ պատկերացում ենք կազմում՝ արդյոք մեր գաղափարը պահանջված է շուկայում, թե՝ ոչ։
Ի՞նչ է EVP-ն
EVP-ն (Exceptional Viable Product) կամ արտակարգ կենսունակ արտադրանքը, որը համեմատաբար նոր տերմին է, հավելվածի՝ գրեթե վերջնական, մի խումբ օգտատերերի կողմից արդեն փորձարկված և իրենց կարծիքների հիման վրա շատ բարեփոխումների ենթարկված տարբերակն է։ EVP-ն նախագծվում և փակ կարգով փորձարկվում է մի խումբ հավատարիմ հաճախորդների կողմից՝ հետևելով Agile մեթոդաբանությանը։ Այն իրենից ներկայացնում է հաճախակի թարմացումներ, հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն և շարունակական թեստավորում։ Պետք է նշեմ, որ այս կետերը փոխկապակցված են։ Նոր թարմացումները, բարեփոխումները և թողարկումները մեծամասամբ հիմնված են հաճախորդներից ստացած ֆիդբեքի վրա՝ վստահ լինելով, որ արտադրանքը արդիական է և բավարարում է հաճախորդների աճող կարիքները։ Դե թեստավորումն էլ (և՛ մասնագետների կողմից, և՛ հաճախորդների) անվերջ ու անչափ կարևոր գործընթաց է, որը ապահովում է անխափան աշխատանք՝ համապատասխան սահմանված որակի չափանիշներին։ Անցնելով այս փուլերը՝ կատարելագործված տարբերակն է թողարկվում շուկա։
Իսկ հիմա եկեք քննարկենք հիմնական տարբերությունները։
MVP-Ի և EVP-Ի տարբերությունները
🚀 MVP-Ն ստեղծվում է կարճ ժամանակում՝ նվազագույն ջանքերով և ռեսուրսներով։ Այն կենտրոնանում է 1 կամ առավելագույնը 2 հիմնական հնարավորության վրա։ Սա շատ կարևոր է հիշել։ Մենք ինքներս շատ ենք բախվել այն խնդրին, որ հաճախորդը ցանկանում է մշակել MVP, բայց պատվիրում է լիարժեք ու վերջնական պրոդուկտ։ MVP ստեղծելիս ստուգում ենք ոչ թե նրա հարմարավետությունը օգտատերերի համար, այլ՝ օգտակարությունը, և թե որքան արդյունավետ է այն լուծում նախօրոք սահմանված խնդիրը։ Օրինակ՝ եթե ցանկանում եք ունենալ սոցիալական հարթակ, որտեղ հրապարակելու են կարճ ուսուցողական հոլովակներ՝ տարբեր թեմաների շուրջ, կարիք չկա ներառել այն բոլոր հնարավորությունները, որ մյուս սոցհարթակները առաջարկում են։ Սկզբնական շրջանում անգամ կարող է նամակագրության հնարավորություն չլինել։ Այստեղ բանալի արտահայտությունը «կարճ ուսուցողական հոլովակներ»-ն է։ Եթե այն ցանկալի արդյունքը գրանցի, կզարգացնենք ու ավելի հարմարավետ կդարձնենք օգտագործման համար։
Մյուս կողմից, EVP-ի ստեղծման համար շատ ավելի ժամանակ ու ռեսուրսներ են անհրաժեշտ։ Քանի որ այն նպատակադրված է՝ լինելու բեկումնային, պետք է թողարկվի գրեթե կատարյալ վիճակում։ Եթե դիտարկենք նախորդ օրինակը՝ որպես EVP, ապա այս դեպքում ուսուցողական հոլովակների սոցհարթակը պետք է հնարավորություններով չզիջի արդեն գոյություն ունեցողներին, ավելին՝ այն պետք է առաջարկի հավելյալ արժեք կամ որևէ տարբերություն։
🚀 Հենց սկզբից MVP-ն կիրառվում և փորձարկվում է իրական օգտատերերի կողմից։ Մինչդեռ EVP-ն սկզբնական շրջանում գործում է որպես ներքին հավելված և փորձարկվում ստեղծող թիմի և մի խումբ ընտրված հաճախորդների կողմից։
🚀 MVP-ն դուրս է բերվում շուկա՝ ստուգելու ու հաստատելու պրոդուկտի գաղափարը։ EVP-ի դեպքում ստեղծողները վստահ են իրենց արտադրանքի հաջողության վրա և ակնկալում եմ տպավորիչ արդյունքներ։
Հիմա միգուցե հարց առաջանա, 🤔 թե որ դեպքում որ մոտեցմամբ պետք է առաջնորդվել։ Հիմա կնշեմ տարբեր մասնագետների կողմից առաջ քաշված մի շարք կետեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել MVP կամ EVP ընտրելիս։
Իսկ ո՞րն ընտրել
Ռեսուրսներ
Արդեն ակնհայտ է, որ եթե չունեք բավականաչափ գումար և ժամանակ՝ ստեղծելու ձեր երազանքների պրոդուկտը, ապա ավելի լավ է՝ սկսեք փոքր քայլերից՝ MVP-ից։ Եթե այն ցույց տա շոշափելի արդյունքներ, օր․՝ շատ օգտատերեր սկսեն ներբեռնել ձեր հավելվածը, կատարելագործելու համար ներդրողներ հաստատ կգտնեք, կամ էլ իրենք կգտնեն ձեզ։ 😄
Մրցակցությունը շուկայում
Եթե ձեր ստարտափը իսկապես նորարարական է, ի նկատի ունեմ՝ նման արտադրանք գրեթե չկա շուկայում կամ եղել է ու հաջողություն չի գրանցել, ապահովության համար սկսեք MVP-ից։ Քանի որ այս պարագայում, առաջին հերթին, անհրաժեշտ է փորձարկել գաղափարը ու տեսնել՝ արդյոք մարդիկ ունեն դրա կարիքը, թե ուղղակի ժամանակի ու ռեսուրսների վատնում կլինի։ Թեժ մրցակցության պարագայում արժե սկսել EVP-ից, որը պետք է ունենա գրավիչ դիզայն, շատ լավ աշխատանք և յուրօրինակություն, որն էլ կօգնի առանձնանալ մրցակիցներից։
Երկարաժամկետ թե կարճաժամկետ նպատակներ
Եթե համոզված եք, որ ձեր ստարտափը հաջողություն է գրանցելու, և ակնկալում եք շահույթ, վստահորեն պետք է ընտրել EVP։ Իսկ եթե ձեր նպատակը կարճաժամկետ է, պարզապես գաղափարը փորձարկելն է, ապա ընտրեք MVP։
Ապրանքանիշի ճանաչելիություն
Եթե դուք կամ ձեր բիզնեսը վայելում եք հայտնիություն որևէ լսարանում կամ ունեք ձեր հավատարիմ հաճախորդները, EVP-ն շատ լավ ընտրություն է։ Օրինակ`մեզ շատ հայտնի ու տարածված Facebook, Google, Apple, Microsoft ապրանքանիշները երբ որևէ նոր պրոդուկտ են թողարկում, շատ շուտ տարածում է գտնում, որովհետև ճանաչված են և վստահված իրենց լսարանի կողմից։ Սա չի վերաբերում միայն նշված ընկերություններին։ Հավատարիմ հաճախորդները միշտ հավատարիմ են, դրա համար էլ մարքեթինգում համարվում են անգին։😄 Իսկ եթե նոր-նոր եք մուտք գործում շուկա, սկսեք MVP-ից։
Ահա այսքանը MVP-ի և EVP-ի մասին։ Վերջում կցանկանայի նշել՝ անկախ նրանից՝ կընտրեք MVP թե EVP, ամենակարևորը այնպիսի արժեք ստեղծելն է, որի կարիքն աշխարհն ունի։ ☀️
Հ․Գ․ Չնայած՝ ԲիՎեբը մասնագիտացած է MVP ստեղծելու և պրոդուկտը վերջնական արդյունքին հասցնելու գործում, մեր փորձի ընթացքում բազում անգամներ ստեղծել ենք նաև EVP-ներ։ Մեր գլխավոր նպատակն է նորարարական գաղափարները հաջողակ ստարտափներ դարձնելը՝ լինի MVP-ի, թե EVP-ի միջոցով։
Կարդացեք նաև՝
Building your own MVP (MVP development process)