BeeWeb-ը 8 տարեկան է ♾

Բարի գալուստ անսահմանության աշխարհ, որտեղ կան արժեքներ, որ երբեք չպետք է դադարենք պահպանել։ Իսկ թե ինչու ենք խոսում անսահմանությունից , կիմանանք հենց հիմա։  🤩

Եվ ահա ԲիՎեբը 8 տարեկան է 🥳, այս 8 տարիների ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել՝ լի մարտահրավերներով, ձեռքբերումներով ու շարունակական աճով, բայց իհարկե մենք այստեղ կանգ չենք առնում, որովհետև հավատում ենք, որ կան բաներ, որ չպետք է ավարտ ունենան․ Bee to infinity and beyond, ահա այս գաղափարն էր իր մեջ կրում այս տարի ԲիՎեբի ծնունդը։ Գաղափարի մեջ ներդրել ենք 8 խորհուրդ։ Եկեք միասին բացահայտենք դրանք․💜

1․ Work to infinity and beyond!
Աշխատելը, գործելը, ջանքեր գործադրելը պետք է լինեն շարունակական, որովհետև կանգ առնելու դեպքում լճանում ենք կամ վատագույն դեպքում մի քանի քայլ նահանջում։ Բացի այդ, մեր նպատակների ու գաղափարների իրականացման համար պետք է քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում դրանք կմնան պարզապես երազանք։ Այսպիսով, եկեք գործի անցնենք և ջանք չխնայենք մեր երազանքների համար։

 2․ Try to infinity and beyond!
Գործելու ընթացքում բոլորս էլ բախվում ենք խնդիրների և խոչընդոտների։ Ցավոք, շատերս հուսահատվում ու չենք հասնում մեր նպատակակետին։ Այս խորհրդով ցանկանում ենք փոխանցել, որ չպետք է դադարել փորձել նույնիսկ հուսահատության ժամանակ, կայուն լինել և չվախենալ ձախողումներից, որովհետև հաջողությունը պայքարողներին է ընտրում։

3․ Discover to infinity and beyond!
Երբ Սոկրատեսն ասաց՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, գիտեր, որ աշխարհն այնքան մեծ է ու խորհրդավոր, որ միշտ էլ բացահայտելու մի նոր բան կա։ Աշխարհը բացահայտելու հարցում մեզ լավագույնս կօգնի ճանապարհորդելը, նոր վայրեր այցելելը, նոր մարդկանց հետ ծանոթանալը, նոր մշակույթներ ուսումնասիրելը, նոր լեզուներով խոսելը․․․ Եկեք ճանապարհորդենք բոլոր սահմաններով ու բոլոր սահմաններից դուրս։

4. Learn to infinity and beyond!
Նորություն չի լինի, եթե ասենք, որ գիտելիքն ամենահզոր զենքն է, որն անընդհատ պետք է լիցքավորել, թե չէ արդիականությունն ու ուժը կկորցնի։ Բազմիցս ենք նշել, որ ԲիՎեբում շատ ենք գնահատում գիտելիքի բարելավումը և միմյանց հետ կիսվելը։ Մենք ինքերս երբեք չենք դադարելու սովորել, զարգանալ, ավելի փորձառու դառնալ, նոր բաներ սովորել և ցանկանում ենք ձեզ էլ վարակել «սովորել բոլոր սահմաններից դուրս» արժեքով։

5. Dream to infinity and beyond!
Այս խորհուրդը երազելու գեղեցկության մասին է, չէ՞ որ երազելու միջոցով մի պահ ապրում ենք այն իրողությունները, որ մեզ այդքան հաճելի են թվում , հետո ավելի մոտիվացվում դրանք իրականացնելու գործում, էլ չասենք, որ կյանքն ավելի նշանակալից է դառնում, որովհետև երազանք  չունենալը նման է ուրվականին հետապնդելուն: Եկեք երազենք շատ, անհավանական բաների մասին, եկեք երազենք բոլոր գրված և չգրված սահմաններից դուրս։

6. Think to infinity and beyond!
Մեր կյանքը, մեր գործողությունները, մեր գործերը մեր մտքերի արտացոլանքն են, այդ իսկ պատճառով եկեք թողնենք մեր միտքը ազատ և մտածենք խենթ, համարձակ ու շրջանակներից դուրս՝ նոր բաներ ստեղծելու և մեր տարբերվող անհատականությունը պահպանելու համար։ Իսկ եթե մտածում եք, որ աշխարհում արդեն ամեն ինչ կա, ասենք, որ հնարավորությունները լայն են, իսկ մեր երևակայությունը՝ ավելի լայն՝ ավել հետաքրքիր բաներ մտածելու, գծված սահմանները լայնացնելու և անհնարինը երևակայելու։

7. Love to infinity and beyond!

Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ վերևում նշված բոլոր խորհուրդներն ու ամեն ինչ այս աշխարհում կարժեզրկվեր, եթե այն չանեինք սիրելով։ Սերն է, որ մոտիվացնում է, նվազագույնի հասցնում բացասականը և թևեր տալիս։ Եկեք շատ սիրենք, սիրենք ինքներս մեզ, սիրենք ուրիշներին, մեր հայրենիքը, բնությունը, կենդանիներին, մեր աշխատանքը․․․, որովհետև, երբ սիրում ենք ավելի ներդաշնակ ենք, ներողամիտ, աջակցող, բարի, երբ սիրում ենք այս աշխարհն ավելի գեղեցիկ է դառնում։

8. Live to infinity and beyond!

Այս խորհուրդը թերևս ամենակարևորն է, որովհետև պահն ապրելը երբեմն ամենաբարդն է տրվում։ Եկեք հիշենք, որ կյանքը ոչ սև ու սպիտակ է, ոչ էլ միայն վարդագույն, այն ոչ էլ պարզապես տխրություն կամ ուրախություն է, կյանքը բոլոր էմոցիաների ու գույների ամբողջությունն է։ Պետք է ապրել բոլոր գույներն ու հույզերը, բոլոր պահերն ու էմոցիաները, բայց, ամենակարևորը, պետք է կառչել այս վայրկյանից և լիարժեք վայելել։

Մենք անչափ շատ էինք ցանկանում, որ անվերջության գաղափարն այս 8 խորհուրդներով հնարավորինս տարածվի ԲիՎեբում և ինչու ոչ՝ նաև ԲիՎեբից դուրս: Իսկ ո՞րն է գաղափարը տարածելու լավագույն միջոցը․ դե իհարկե դրա կիրառումը: Որոշեցինք մեր ծնունդը նշել 8 օր, 8 գիշեր 😀 և կազմակերպել հավես ու թիմային activity-ներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ ներդրել էինք տվյալ օրվա խորհուրդը: Անդրադառնանք դրանցից ամենատպավորիչներին. 

💜 Հնարավո՞ր է արդյոք նոր բաներ բացահայտել առանց սենյակից դուրս գալու: Մենք գտանք լուծումը, քանի որ ճամփորդելու հնարավորություն այդ պահին չկար, փորձեցինք ուսումնասիրել աշխարհը հենց մեր նստած տեղերից: Խաղացինք Դրոշապոլիս՝ յուրաքանչյուրս պետք է վերցնեինք 3 դրոշ, որոնցից 2-ը մեզ անծանոթ էին և կարդացինք դրոշի հետևում գրված հետաքրքիր փաստերը տվյալ պետությունների մասին: Ինչ խոսք՝ շատ զարմանալի էր և ուշագրավ, մի շարք նոր բաներ իմացանք մեզ հայտնի և անհայտ պետությունների մասին:
Իսկ վերջում թիմի հետ վիրտուալ ճամփորդություն կազմակերպեցինք աշխարհի ամենաառեղծվածային և չբացահայտված վայրերով: Հուսանք այս փորձառությունը կմոտիվացնի բոլորին ավելի շատ ճամփորդել, չէ՞ որ պարզապես հավեսագույն զգացում է գնալ այլ երկրներ և տեսնել, որ մարդիկ ապրում են, խոսում և մտածում լիովին այլ կերպ: 

💜 Քանի որ մենք սոցիալական էակներ ենք😀 ու իրարից քաղելու շատ բաներ ունենք, որոշեցինք կազմակերպել հետաքրքիր քննարկում, որտեղ բոլորս հնարավորություն ունեինք կիսվել այն գրքերով, ֆիլմերով, արտահայտություններով, որոնք որոշակիորեն դրական ազդեցություն էին ունեցել և ինչ-որ բան փոխել մեր կյանքում: 

💜 Իսկ դուք երբևէ արտացոլե՞լ եք ձեր երազանքը տեսանելի վայրում,  թե՞ պահել եք ձեր մտքերում ու սրտերում: Կարծում ենք՝ շատ ոգևորող և մոտիվացնող է ամեն օր տեսնել քո երազանքը: Եվ ահա ստեղծեցինք մեր գունավոր երազանքների գունավոր կտավը, որն էլ իր տեղը կգտնի ԲիՎեբում ու կդառնա յուրօրինակ հուշ ԲիՎեբցիների համար: 

💜 Իսկ գիտեի՞ք, որ երևակայությունը նույնպես հնարավոր է մարզել։ Այն զարգացնելու ու մարզելու համար էլ թիմով խաղացինք երևակայության խաղ՝ DiXit: Պարզեցինք, որ լավ էլ երևակայություն ունենք 😀:

💜 Սիրո արժեքն էլ փոխանցեցինք հավես challenge-ի միջոցով։ Բոլորս ցանկանում ենք, որ աշխարհը ավելի լավը դառնա, կարևոր է հիշել, որ մեր բոլոր քայլերով մենք նպաստում ենք աշխարհի լավ կամ վատ դառնալուն, հետևաբար թեկուզ փոքր բարի գործերը նշանակալի են։ Բարության challenge-ի շրջանակներում ԲիՎեբցիները հնարավորություն  ունեցան արտահայտելու իրենց մարդասիրությունը, ինչպես պատկերացնում էին։ Ի դեպ այդ օրը ԲիՎեբցիներից Սամվելը բոլորիս սիրուն անակնկալ արեց, որը կարող եք տեսնել այստեղ։

🔮 Վերջապես հասանք ամենագլխավորին՝  մեր ծննդյան Party-ին: Տպավորություններն այնքան վառ են ու շատ, որ դժվարանում ենք նկարագրել:
«Սահմաններից դուրս» գաղափարով ծննդյան խնջույքը ամենաքիչը պետք է լիներ տարբերվող։ Դա էլ նպաստեց խնջույքի յուրօրինակ ոճի, վայրի և ֆորմատի ընտրությանը։ Վայրի մասին կարող ենք շաատ երկար խոսել՝ ներքևի հետաքրքիր տեսքով շենքն է, որը հավանաբար շատերդ եք տեսել և մտածել՝ ի՞նչ է այստեղ (մեզ էլ մի քանի անգամ այդ հարցը տվել են): Իրականում այն Underground Art Factory է, որտեղ ապրում են արվեստի մարդիկ։ Էլ որտե՞ղ են անսահմանության բոլոր դրսևորումները ավելի լավ երևում, եթե ոչ արվեստի մեջ, որը կաղապարներ ու շրջանակներ չի ճանաչում։ Եվ այսպես մի շենքում, որտեղ ամեն քայլափոխին արվեստի նմուշներ են, որշեցինք նշել ԲիՎեբի ծնունդը։ Իսկ party-ին euphoria ոճով էր, որը ենթադրում է՝ մանուշակագույնն իր բոլոր երանգներով, լիքը փայլ, կոկտեյլներ, լուսային էֆեկտներ,  երաժշտություն և պար ․․․։ Առհասարակ անսահմանության փարթին մի քիչ էլ պետք է միստիկ լինի, փայլուն-փայլփլուն ու շատ ուրախ, բացի այդ երբեմն էլ հարկավոր է պարզապես լիցքաթափվել ու մի լավ տժժալ ակտիվ երաժշտության ներքո՝ վայելելով համեղ խմիչքներն ու ընկերների հետ անկաշկանդ շփումը: Ինչպես ասաց մեր ԲիՎեբցիներից մեկը՝ փաստորեն ԲիՎեբի թիմին բավական ա տարածք, DJ, խմիչք, ու ՎԵՐՋ՝ լավ ժամանցն ապահովված ա:  Ինչ խոսք, չենք կարող չհամաձայնել այս մտքի հետ 😀: Կարծում ենք նկարները փոխանցում են այդ օրվա տրամադրությունը։ Ինչպես տեսնում եք՝ բոլորս շողում էինք, նույնիսկ դրեսկոդ ունեինք, տղաները՝ սև և սպիտակ, աղջիկները՝ սև, սպիտակ, արծաթագույն։

Ահա այսպիսին էր ԲիՎեբի 8-րդ տարեդարձը, որտեղ յուրահատուկ էր բառացիորեն ամեն ինչ՝ անունից մինչև ՄԵՆՔ։ 😀

Հ․Գ․ Ցանկանում ենք անպայման շնորհակալություն հայտնել մեր մեգատաղանդավոր դիզայներ Իրինային, քանի որ նրա շնորհիվ սոցցանցերի մեր էջերում ստացանք այդքան գեղեցիկ ու խորհուրդներին բնորոշ նկարներ։ 🤩

 

Կարդացեք նաև՝

BeeWeb-ի գունեղ թիմբիլդինգը
Secret Santa թե՞ ամանորյա հետաքննություն

 

Share with love

SUBSCRIBE

Subscribe to BeeWeb's blog and get our latest news right in your inbox.

FOLLOW US