Երեխաների հետ տնից աշխատելու 5 խորհուրդներ

Այսօր կարծես թե ամենաբարդ խնդիրներից մեկին եմ ուզում անդրադառնալ, թե ինչպես աշխատել տնից, երբ ունեք երեխա(ներ)։ Ցանկանում եմ կիսվել իմ անձնական փորձով։ Սակայն միաժամանակ պետք է ընդունել, որ բոլորը տարբեր են, և որոշ խորհուրդներ Ձեզ մոտ կարող են կիրառելի չլինել։

Տնից աշխատելը, կարելի է ասել, և՛ հայրիկների, և՛ մայրիկների համար հավասարաչափ բարդ գործընթաց է,մանավանդ այն ժամանակ, երբ աշխատանքը հնարավորինս կենտրոնացում է պահանջում։ Միաժամանակ այդ գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի այն հասկանալի և ընդունելի լինի նաև երեխաների համար։

1․ Կազմեք գրաֆիկ

Գրաֆիկ կազմելը Ձեզ թույլ կտա տարանջատել աշխատանքին և տանը նվիրված ժամանակահատվածը։ Եթե երեխան(երը) բավականաչափ մեծ են, ապա այդ դեպքում կարելի է իրենց ևս ներգրավել այդ գործընթացում։ Մանրամասն կազմված գրաֆիկը փակցրեք երևացող վայրում, որպեսզի միշտ աչքի առջև ունենաք։

2․ Բացատրեք երեխային(երեխաներին)

Բացատրեք նրանց, թե ամբողջ օրը համակարգչի դիմաց նստած ինչով եք զբաղվում։ Այստեղ մի խնդրի կարող ենք հանդիպել, եթե երեխան տարիքով ավելի փոքր է՝ ինչպե՞ս բացատրել։ Դա կարելի է անել խաղի միջոցով, նույնիսկ աշխատանքային պրոցեսին իրեն ևս մասնակից դարձնելով (իմ դեպքում սա աշխատել է 1,5 տարեկան երեխայի համար)։

3․ Սահմաններ գծեք Ձեզ համար

Սահմանեք Ձեր տարածքը, կարող եք նաև արգելող և թույլատրող նշաններ պատրաստել Ձեր երեխաների հետ միասին։ Նրանց մասնակցությունը պատրաստման գործընթացին թույլ կտա ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ խաղի կանոններին։

4. Հաճախակի ընդմիջումներ արեք

Տնից աշխատանքի դեպքում շատ կարևոր է հաճախակի կարճ ժամանակահատվածով ընմիջումներ անելը։ Այդ ընթացքում կարող եք երեխային մի նոր խաղ տալ, ապա հաջորդ փոքրիկ ընդմիջմանը ստուգել, թե ինչպես է վարվել կամ կատարել հանձնարարությունը։ Տարիքով ավելի փոքրիկների դեպքում կարող եմ ասել, որ բավականին լավ աշխատում է իրենց էլ նույն աշխատանքային միջավայրը ստեղծելը իր կանոններով և խաղալը։

5․ Ամուսնու և կնոջ գրաֆիկի բաժանում

Այնուամենայնիվ, եթե երկուսով եք տնից աշխատում, ապա կարող եք գրաֆիկը բաժանել երկուսիդ մեջ, նույնիսկ եթե ընդմիջում եք անում, ապա կարելի է տարբեր ժամանակահատվածներում անել, որպեսզի երեխան(ները)միայնակ չմնան և այդ ժամանակահատվածում աշխատանքային հանձնարարությունները կատարել։

*Բոնուս

Զանգերի և տեսազանգերի ժամանակ աշխատեք մաքսիմալ լուռ վայրում խոսել, սակայն, եթե դա էլ չի հաջողվում, ապա կարելի է դրանք կազմակերպել երեխայի քնի ժամանակ։ Այ եթե դա էլ չի հաջողվում, այդ դեպքում կարելի է նրան ևս մասնակից դարձնել։ Պետք չէ ամաչել դրանից, չէ որ նրանք երեխաներ են։

Գայանե Խաչատրյան

ՄՌ Կառավարիչ

BeeWeb

34 Garegin Nzhdeh str.,
34 Business Center, 3rd floor

info@beewebsystems.com

SUBSCRIBE

Subscribe to BeeWeb's blog and get our latest news right in your inbox.

FOLLOW US