Ողջույն սիրելի ընթերցողներ😊
Այս տարի ԲիՎեբի թիմբիլդինգը կայացավ հուլիսի 24-ին: Ուստի այսօրվա նյութում ներկայացնելու ենք հետաքրքիր մանրամասներ թիմբիլդինգից: Այնքան անմոռանալի թիմբիլդինգ ենք ունեցել: Մնացեք մեզ հետ և ընթերցեք մեր բլոգը: 😊
Պատրա՞ստ եք, հիանալի է, ուրեմն սկսեցինք:👌
Թիմբիլդինգն այն ամենակարևոր իրադարձություններից մեկն է, որը կազմակերպությունն իրականացնում է իր աշխատակիցների համար:
Այն ստեղծում է վստահություն, նվազեցնում կոնֆլիկտային իրավիճակները և զարգացնում հաղորդակցման հմտությունները: Հաջողված թիմբիլդինգի դեպքում, աշխատակիցը չպետք է ունենա այնպիսի զգացողություն, կարծես հերթական աշխատանքային օրն է աշխատավայրում: Օրինակ, անձնակազմի հետ ինչ- որ նոր վայրեր այցելելը կարող է դրական լիցքեր հաղորդել իրենց: Միասին մի նոր բան բացահայտելը կամ լավ ժամանակ անցկացնելը կօգնեն մեծացնել վստահությունը և պահպանել լոյալությունը: Սա նշանակաում է՝ ստեղծվում է աշխատակիցների հարմարավետության գոտիներից դուրս մի նոր իրավիճակ: Որն էլ իր հերթին նպաստում է, որ նրանք միմյանց նորովի ճանաչեն : Չէ որ աշխատակիցները միասին անցնում են այդ իրավիճակի միջով և բացահայտում են միմյանց նոր տեսանկյունից: Ավելին, ապահովելով թիմային ոգի ու լոյալություն, խթանում եք ձեր բիզնեսի կայուն զարգացմանը:



ԲիՎեբը՝ կարևորելով թիմային աշխատանքը, աշխատակիցների մոտիվացիան և շփումը միմյանց հետ, կազմակերպեց յուրօրինակ թիմբիլդինգ բնության գրկում: Թիմբիլդինգի ընթացքում բիվեբցիները, մի լավ ժամանակ անցկացրին, կտրվեցին առօրյա հոգսերից ու վառ հիշողություններով ետ վերադարձան:
Պետք է նաև նշենք շատ կարևոր մի հանգամանք, ինչը նպաստեց էլ ավելի նշանավոր դարձնել այդ օրը: Խոսքը վերաբերում է նրան, որ մենք արդեն աշխատում ենք նոր ուղղվածությամբ: Այսուհետ իրականացնելու ենք նվազագույն կենսունակ արտադրանքի ստեղծման ու զարգացման Minimum Viable Product /MVP ողջ գործընթացը: Ընտրել ենք MVP-ն, քանի որ ավելի է համապատասխանում ԲիՎեբի կորպորատիվ մշակույթին ու ապագա նպատակներին:
Թիմբիլդինգը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում գտնվող Երամակ ձիարշավարանում:
Այն բաղկացած էր մի քանի հետաքրքիր մասերից: Սկզբում բիվեբցիները ձիավարեցին Երամակ ձիարշավարանում: Ձիարշավի ընթացքում հրաշալի տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճ: Թարմ օդը և ձիերի հետ շփումն իրենց դրական ազդեցությունը թողեցին մեզ վրա: Մի պահ, ասես, կտրվել էինք աշխարհից և վայելում էինք այդ ակնթարթները: Երամակի անձնակազմը մեզ օգնեց ձիավարել, սովորեցրին ինչպես աշխատել ձիերի հետ: Ներկայացրին նաև շատ հետաքրքիր փաստեր ձիերի մասին: Երամակ ձիարշավարանը տարբերվում է ոչ միայն հմուտ մասնագետներով, այլև աչքի է ընկնում իր բնական ու համեղ խոհանոցով:



Բիվեբցիները պահը բաց չթողեցին բնության գրկում բոլորիս հայտնի մի պար կատարելու համար: Խոսքը Jerusalema երգի հայտնի պարային կատարման մասին է: Իհարկե բիվեբցիներն այն ներկայացրին նոր շնչով և նոր մոտեցմամբ՝ պարելով հենց ձիարշավարանում:
Ինչպես տեսնում եք, հագեցած թիմբիլդինգ ենք ունեցել: 😀
Բայց այսքանով չի ավարտվում մեր այսօրվա բլոգը: Այնքան պատմելու բան ունենք դեռ: 😉
Էլ ինչ թիմբիլդինգ, առանց թիմային խաղերի:
Մեր կազմակերպած խաղերը թիմբիլդինգն էլ ավելի հետաքրքիր դարձրին: Դրանց նպատակն էր ապահովել լավ ժամանց, բարձրացնել թիմային ոգին ու զարգացնել թիմային մտածելակերպը: Ժամանցային խաղեր էին, որոնց բիվեբցիները մեծ ոգևորությամբ էին մասնակցում: Այնքան հետաքրքիր էր ու զվարճալի, որ նույնիսկ տխրել էին, երբ խաղերն ավարտվեցին: Թե ինչ խաղեր էին կազմակերպվել: Ինչ էմոցիաներ դրանք պարգևեցին, ավելի լավ կպատկերացնեք դիտելով հետևյալ վիդեոհոլովակը:
Թիմբիլդինգից օրեր առաջ մտածում էինք, թե ձիավարելու հետ մեկտեղ էլ ուր կարելի է գնալ և փնտրտուքների մեջ էինք:
Այստեղ մեզ օգնեց Armenia Planet տուրիստական կազմակերպությունը: Վերջինիս էջից տեղեկցանք Bee & Be Apetherapy and Guesthouse մեղվապահության կենտրոնի մասին: Այն առանձնանում է իր ձևաչափով՝ համատեղելով մեղվագիտությունը հանգստի հետ: Բնական է, որ մենք՝ BeeWeb-ցիներս կրելով Bee անունը և լինելով մեղուների պես աշխատասեր ու եռանդով լի, կցանկանայինք այցելել Bee & Be:
Այսպես, որոշեցինք, որ Bee & Be այցը կլինի մեր թիմբիլդինգի անբաժան մասը: Bee & Be-ն գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում, այն նույնպես ունի հրաշալի բնություն ու թարմ օդ: Երբ հասանք մեղվապահության կենտրոն, մեզ հյուրընկալեց մեղուների գիտակ, հմուտ մեղվաբույծ Հայկ Հովհաննիսյանը: Հայկը շատ երկար տարիներ է, ինչ այս ոլորտում է: Նա սկսեց պատմել մեղուների կյանքի մասին, ներկայացրեց հետաքրքիր փաստեր: Պատմեց նաև մեղր ստանալու գործընթացի նրբությունների մասին:
Ինչ խոսք, բոլորս տպավորված էինք Հայկի՝ մեղվապահության մասին գիտելիքներով և փորձով: Բիվեբցիները հետաքրքրությամբ լսում էին և անգամ հարցեր էին տալիս ավելին իմանալու համար: Մենք նաև համտեսեցինք մեղր, մեղրակաթ, մեղրով թխվածք, մի խոսքով, մեղրի հետ կապված ինչ ասես 😊
Bee & Be- ի առավելությունը կայանում էր նաև նրանում, որ տարածքում մատուցվում էր մեղվաբուժության /ապիթերապիայի ծառայություններ: Վերջինս իրենից ներկայացնում է քուն փեթակների վրա: Այն հնարավորություն է տալիս պառկել մեղվափեթակների վրա և լսել մեղուների ձայնը: Ապիթերապիան հանգստացնում է մարդուն, բուժում մի շարք հիվանդություններ և շատ առողջարար է:
Bee & Be այցից հետո ետ վերադարձանք Երամակ: Այնտեղ մեզ մատուցվեց համեղ ընթրիք: Իսկ վերջում, օրը ավելի հիշարժան դարձրեց խարույկը: Երեկոյան հավաքվեցինք մեծ խարույկի շուրջ, որը համեմվեց կիթառային երաժշտությամբ:



Անշուշտ այս թիմբիլդինգն իր ձևաչափով անկրկնելի էր: Քանի որ պարզապես ժամանցի կամ ճաշկերույթի առիթ չէր: ԲիՎեբի թիմբիլդինգը կրում էր հետևյալ արժեքները՝
- – բացահայտել սեփական երկրի հիասքանչ վայրերը,
- – լինել բնությանը մոտ,
- – գնահատել հայ գյուղացու աշխատանքը
Այն օգնեց մասնակիցներին հասկանալ ինչպես լինել թիմային, ավելի լավ ճանաչել միմյանց և այսպես շարունակ: